Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը ՏԿԵ նախարարության հետ 4,6 մլրդ դրամի պայմանագիր է կնքել

Ալեն Սիմոնյանը եղբոր ու հարսի հետ. Արխիվային լուսանկար
Կառլեն Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել 2020 թվականի հուլիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի գլխավորած «ԵվրոԱսֆալտ» ընկերությունն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ավելի քան 4,6 մլրդ դրամի պայմանագիր են կնքել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Միայն առաջին կիսամյակին ՀՀ ՏԿԵ նախարարությունը 6 պայմանագիր է կնքել «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության հետ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 674 մլն 538 հազար դրամ։ Պայմանագրերի գնման առարկան և ծառայությունները հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են կամ ավտոճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքները»,– գրում է թերթը։
Նշվում է, որ «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն գրանցված է Երևանի Արտաշիսյան փողոցում: Կառլեն Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, իսկ մինչ այդ՝ 4 ամիս, ղեկավարը եղել է մոսկվայաբնակ Տիգրան Խաչիկի Հարությունյանը: