Գեղարքունիքի վթարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՊՆ

Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Ճամբարակում ավտոմեքենաների բախման հետևանքով պայմանագրային զինծառայողներ են հոսպիտալացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրն այն մասին, թե Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զինծառայողներ են հոսպիտալացվել։
shamshyan.com–ն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած, ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ.-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով Արման Պ.-ն և նրա ուղևորը` Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Կարուշ Ե.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն: Ըստ կայքի` տուժածները պայմանագրային զինծառայողներ են։
«Գեղարքունիքում տեղի ունեցած վթարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»,– Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք` այսօր մեկ այլ վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կա 2 զոհ, 5 տուժած։