3 տարի տվյալներ է փոխանցել Բաքվին. մանրամասներ Սարգիս Գալստյանի լրտեսության գործից

ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնել լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանի գործի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արցախից մարտի 29-ին Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանն Ադրբեջանի օգտին լրտեսություն է սկսել անել 2020 թ–ից։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` մանրամասներ հայտնելով Գալստյանի գործից։
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սարգիս Գալստյանը, 2018-2023թթ–ին Արցախում զբաղեցնելով տարբեր բարձրաստիճան պաշտոններ և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։
«Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ նա համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությունը պարզել է նաև, որ Գալստյանն Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ. սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ։
Սամվել Շահրամանյանն ու լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը առերեսվել են. ԶԼՄ
Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո Սարգիս Գալստյանը ստացել է պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:
Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելուց անմիջապես հետո Գալստյանը ձերբակալվել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։