ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի Ամերիկյան համալսարանը հասարակական կազմակերպությունների ճնշման ներքո չեղարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսիի հետ ստեղծագործական հանդիպումը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Հուլիսի 3-ին Ավետիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ հուլիսի 9-ին, ժամը 15.00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Սփեյսիի հետ հանդիպումը։
«Հայաստանի Ամերիկյան համալսարան կողմից Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած 6 րոպեանոց հոտնկայս ծափահարությունները նրան` Տիմոն Աթենացու շեքսպիրյան մոնոլոգից հետո, ուշադրություն՝ Օքսֆորդի համալսարանում»,–գրել է Ավետիսյանը։
Նա տեղեկացրել է, որ Սփեյսիի հետ հանդիպումը կկայանա նույն օրը` հուլիսի 9–ին, ժամը 15.00-ին Կինոյի տանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քևին Սփեյսին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու։ Նրա գալը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, քանի որ դերասանին մեղադրում են տարբեր կանանց դեմ սեռական ոտնձգությունների մեջ։ Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ քննադատություններ էին հնչեցրել և հայտարարել, որ կինոփառատոնը Սփեյսին հրավիրելով քաջալերում է բռնարարներին մի երկրում, որտեղ այդ խնդիրը բավականին ցավոտ է։
Ասուլիսի ժամանակ կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ասել էր, որ աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին Հայաստան է հրավիրվել բացառապես իր մասնագիտական որակների համար։