Ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել ԵԱՀԿ ԽՎ–ին դատապարտել ՀՀ–ում ժողովրդավարության անկումը

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ–ում
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հարցերով զեկուցողին առաջարկեց այցելել Հայաստան տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ ԽՎ–ն պետք է դատապարտի Հայաստանում ժողովրդավարության շարունակական անկումը և համերաշխություն հայտնի իրավական պետություն կառուցելու ՀՀ քաղաքացիների հավատարմությանը: Բուխարեստում ընթացող ԵԱՀԿ ԽՎ–ում իր ելույթի ժամանակ կոչով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Պատգամավորը նաև ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հարցերով զեկուցողին առաջարկեց այցելել Հայաստան` տեղում ուսումնասիրելու իրավիճակն ու անելու համապատասխան հետևություններ:
«Ներազգային պառակտվածության մթնոլորտում ՀՀ–ն բախվում է կառավարման ավտորիտար ռեժիմի շարունակական հաստատման հետ»,–ասել է նա իր ելույթում:
Նա հիմնական շեշտադրումն արել է ոստիկանական ապօրինի գործողությունների, բռնությունների ու խոշտանգումների, ընդդիմադիրների նկատմամբ անօրինական քրեական հետապնդումների վրա, որոնք վկայում են իշխող ուժի կողմից իշխանության յուրացման և կենտրոնացման մասին:
«Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերով հետապնդումներն ու քաղաքական բռնաճնշումների իրականացումը դարձել են սովորական գործելաոճ: Ընդդիմադիր հայացքների համար ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ են ապօրինաբար բանտարկվել, նրանցից շատերը միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն քաղաքական բանտարկյալներ են»,– հայտարարել է պատգամավորը:
Ըստ նրա` չնայած տասնյակ հաղորդումներին և արձանագրված փաստերին` ոչ մի ոստիկան քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Նա տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորը տասնյակ ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկվել իր իսկ կուսակցության գրասենյակի դիմաց:
Գալստյանը նաև հիշեցրել է, որ լայնամասշտաբ վերջին խաղաղ հանրահավաքի ժամանակ ոստիկանությունն անիրավաչափ ուժ և հատուկ միջոցներ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի հետևանքով վիրավորում և բեկորային վնասվածքներ ստացան հարյուրից ավելի ցուցարարներ, այդ թվում` 10 լրագրող:
Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Եղե՛ք ներգրավված և մի' անտեսեք մեր տարածաշրջանը. Խանդանյանի կոչը ԵԱՀԿ–ին