Երևանում արցախցի եղբայրներին մահակով ծեծած երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել

Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Երևանի Կոմիտասի պողոտայում արցախցի երկու եղբայրներին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ մեղադրվող 28–ամյա երիտասարդը հայտնաբերվել է, նրան մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ հունիսի 21-ին մի քաղաքացուց հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ ժամը 11։15-11։20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Կոմիտասի պողոտայում անհայտ քաղաքացին վիճաբանել էր իր և եղբոր հետ, մահակով հարվածներ հասցրել իրենց, որի հետևանքով եղբայրը գտնվում է անգիտակից վիճակում։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 28–ամյա տղամարդը բռունցքով հարվածել է եղբայրներից մեկի մարմնի տարբեր մասերին։ Այնուհետև մոտակայքում կայանված մեքենայի բեռնախցիկից վերցնելով փայտյա մահակը՝ դրանով մի քանի հարվածներ է հասցրել եղբայրներից մեկի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։
Հունիսի 25-ին 28-ամյա երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և նրան առաջադրվել է մեղադրանք։
Միջնորդություն է ներկայացվել դատարան` 28–ամյա տղամարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը գրել էր, թե հունիսի 21-ին Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող 65 և 51 տարեկան արցախցիներին ՍԱՍ սուպերմարկետի առջև «բեյսբոլի բիտայով» դաժանաբար ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար։ Տղամարդիկ գտնվում են Հերացու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գանգոսկրի կոտրվածքներով։ Փաստաբանը նաև մեղադրել էր քննիչներին անգործության մեջ։
Վեճ և դանակահարություն Շահումյանում. 2 երիտասարդ հիվանդանոցում են
Ավելի ուշ ՔԿ–ն մանրամասներ հայտնեց դեպքից` տեղեկացնելով, որ 28-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: