Իրանից ՀՀ ժամանած ավտոմեքենայում ավելի քան 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. տեսանյութ

Թմրամիջոցներին նմանվող զանգվածները հայտնաբերվել են տրանսպորտային միջոցի նստատեղի թիկնակի մեջ։
Sputnik
Իրանից ՀՀ ժամանած «Պեժո» մակնիշի մարդատար ավտոմեքենայում ավելի քան 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է, որ մաքսային մարմինները հսկողություն են իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից Ագարակ մաքսային անցման կետ ժամանած մարդատար տրանսպորտային միջոցի նկատմամբ: ԻԻՀ հաշվառման «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի մաքսային հսկողության, այդ թվում՝ ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ տրանսպորտային միջոցում գաղտնարան կա։ Միաժամանակ մաքսային մարմիններին կասկածելի է թվացել նաև հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդի վարքագիծը։
21–ամյա երիտասարդը փորձել է թմրանյութի փաթեթներ տեղադրել Երևանի տարբեր հատվածներում
Տրանսպորտային միջոցի նստատեղի թիկնակի մեջ հայտնաբերվել են ավելի քան 12,1 կգ քաշով մարիխուանա և շուրջ 4,42 գրամ կոկաին տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ:
Փաստի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն ձերբակալվել է: