Զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքով կալանավորվել է ևս մեկ մարդ

Ըստ փաստաբանի, մեղադրանքը հիմնավորող ոչ մի տեսանյութ կամ ցուցմունք չի ներկայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. 1 ամսով կալանավորվեց ազգությամբ ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը, ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կատարելու մեջ, սակայն, ըստ փաստաբանի, այդ մասին ոչ մի տեսանյութ կամ ցուցմունք չի ներկայացվել.
«Կալանքի որոշում կայացվեց այն դեպքում երբ.
Մեղսագրվում էր ոստիկանների նկատմամբ բռնի գործողությւնների կատարում, սակայն այդպիսի տեսանյութ կամ ոստիկանի ցուցմունք առկա չէր,
Ոստիկանական շղթայի ճեղքում և ԱԺ մուտք գործելու փորձ, սակայն այդպիսի տեսանյութ կամ այդ մասին ոստիկանի ցուցմունք ևս առկա չէր,
«Սիրահարների» այգու արգելապատնեշի վնասում, սակայն տեսանյութով հստակ տեսանելի էր, որ Էդգարը արգելապատնեշ չի կոտրում, այլ պահում է կոտրված արգելապատնեշը, որպեսզի այն չընկնի և վնասի մարդկանց»,-գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նույնատիպ մեղադրանքներով երեկ գիշեր 1-2 ամսով կալանավորվել են 5, այսօր կեսօրին՝ 1 մարդ։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։