Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով

Երվանդը երկու մանկահասակ (1 և 4 տարեկան) երեխաների հայր է, արցախյան վերջին 3 պատերազմների մասնակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով` կալանքի միջնորդությունը քննել է դատավոր Ջոն Հայրապետյանը:
Փաստաբանը հայտնել է, որ Աղաբալյանը հունիսի 12-ին դատարկ պլաստմասե շիշ նետելու պատճառով մեղադրվում է խուլիգանության մեջ։
Երվանդ Աղաբալյանը երեխայի հետ
Երվանդը երկու մանկահասակ (1 և 4 տարեկան) երեխաների հայր է, արցախյան վերջին 3 պատերազմների մասնակից։
Այսօր ավելի վաղ` փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ հուլիսի 12–ին ԱԺ շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների տեսագրությունների հիման վրա սկսվել է ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվել ու դատարան է ներկայացվել 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։