ԱԺ–ի մոտ բախումներից հետո հարուցված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է 3 անձ. փաստաբան

Ռուբեն Մելիքյան
Ձերբակալվածներից մեկը 73-ամյա պապիկ է, որի նկատմամբ ցանկանում են տնային կալանք կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո հարուցված քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել է 3 անձ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը նշեց, որ առավոտից 11 անձի ձերբակալման մասին ահազանգ է ստացել, սակայն պարզվել է, որ դրանք բոլոր վերաբերել են 3 մարդու ձերբակալմանը։ Նրա խոսքով` ձերբակալվածներից մեկն Ուջան գյուղի բնակիչ 73-ամյա Տիգրան Սարիբեկյանն է, որին մեղադրում են խմբակային խուլիգանության մեջ։
«Նախաքննական մարմինը միջնորդում է նրան տնային կալանքի ենթարկել»,– նշեց Մելիքյանը։
«Գործին կցված տեսանյութում երևում է, որ այդ մարդու ոտքերի տակ ընկնում է նռնակը՝ վնասելով նրա ականջը: Պարզ երևում է նաև, որ Սարիբեկյանը փորձում է շրջվել այդ լուսաձայնային նռնակից»,– նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։