ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանն իր «առևանգումից» հետո հանդես է եկել հայտարարությամբ։
Նշենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ոստիկանների և շարժման կողմնակիցների միջև տեղի ունեցավ բախում, ոստիկանները լուսաձայնային նռնակներ էին շպրտում քաղաքացիների ուղղությամբ։ Այդ ընթացքում Պետրոսյանը խորհրդավոր կերպով անհետացավ, որևէ մեկը նրան չէր տեսել։ Նրա մասին շուրջ 1 օր լուր չկար, ի վերջո հունիսի 13-ին նա կապ հաստատեց ընտանիքի հետ, իսկ քիչ ավելի ուշ պաշտոնական էջում գրեց, որ քաղաքացիական հագուստով 4 անձ իրեն առևանգել են ու տարել անհայտ ուղղությամբ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն էլ հայտարարեց, որ Պետրոսյանին առևանգել են, և ամենայն հավանականությամբ` դրանք ուժայիններ են։
Հունիսի 13-ի երեկոյան Պետրոսյանն արդեն դատարանի շենքի առաջ էր, որտեղ քննարկվում էր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցի հարցը:
Դրանից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ շարժման մեջ պառակտում կա, և Պետրոսյանն այլևս չի մասնակցում դրան։ Հրապարակումներ եղան նաև, որ իշխանությունները պայմանավորվել են նրա հետ դադարեցնել բողոքի ակցիաները։
«Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել: Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին»,– գրել է Պետրոսյանը:
Նա ընդգծել է` իրենց սկսած պայքարը շարունակվում է, ու ինքն էլ չի շեղվելու իր ուղուց։
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այս օրերին բողոքի ակցիաներ է իրականացնում Երևանում` պահանջելով ՀՀ իշխանության հրաժարականը։ Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։