ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրավապահ մարմինները նույնականացրել են երեկ Երևանի Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բախումների մասնակից 40 անձանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Վնասվածքներ են ստացել և բուժօգնության են դիմել 101 անձինք, որոնցից 18-ը՝ ոստիկանության ծառայողներ»,– նշված է հաղորդագրությունում։
Դեպքի առիթով ձևավորվել է քննչական խումբ, որը պարզել է` երեկ ակցիայի մի խումբ մասնակիցներ խմբով ոստիկաններին հրելով փորձել են ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ:
«Նշված գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապես զգուշացվելուց հետո կիրառվել են հատուկ միջոցներ, որից հետո հավաքի բազմաթիվ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին ու նրանց անօրինական գործողությունները կանխելուն ուղղված գործողություններին, չեն հանդարտվել»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՔԿ–ի` հավաքի մասնակիցները ոստիկանների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել են քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ, կոտրել են կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները՝ այդ կերպ կատարելով բռնության գործադրմամբ, անձանց կյանքն ու առողջությունը վտանգող այլ արարքների կատարմամբ և գույք վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ:
«Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղական ձողեր, շշեր, ապակու կտորտանքներ, ցուցանակի կտորներ, այլ առարկաներ, արյան հետքեր»,– ասվում է ՔԿ հաղորդագրությունում։
Մասնակիցների նույնականացման և արարքների անհատականացմանն ուղղված միջոցառումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։