ԱԺ–ի մոտ լարված իրավիճակ է. հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև

Ոստիկանները փորձում են բերման ենթարկել ցուցարարներին, այդ թվում` կանանց։
Sputnik
Ազգային ժողովի շենքի մոտ գերլարված իրավիճակ է։ Ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև հրմշտոց սկսվեց։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ակցիայի մասնակիցներն ու ոստիկանները սկսեցին հրել միմյանց։
Ցուցարարների մեջ կան մարդիկ, որոնց ինքնազգացողությունը վատացել է։ Ոմանք փորձում են օգնել, բայց մարդկանց շարժվելու տեղ չեն տալիս։
Ոստիկաններն ուժի միջոցով փորձում են քաղաքացիներին հեռացնել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Այսօր առավոտյան այդ տարածքում ավելացվել է ոստիկանների թիվը, քանի որ ԱԺ են եկել կառավարության անդամները։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, իսկ Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում կարմիրբերետավորներն են, Պռոշյան փողոցում` սևբերետավորները։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամը 15։30-ից հանրահավաք է լինելու, քանի որ շատ կարևոր գործ ունեն անելու։