Մոսկվայում տեղի է ունենում լեգենդար բևեռախույզ և Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի հրաժեշտի արարողությունը: Հայտնի գիտնականի դագաղը տեղափոխել են Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարի Վերափոխման եկեղեցի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Չիլինգարովը մահացել է հունիսի 1-ին, երկարատև և ծանր հիվանդությունից հետո: Նա 84 տարեկան էր։
Ծաղկեպսակներ են ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Պետդումայի և Դաշնության խորհրդի նախագահներ Վյաչեսլավ Վոլոդինը և Վալենտինա Մատվիենկոն, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան։
Հրաժեշտից հետո բևեռախույզին կթաղեն Նովոդևիչի գերեզմանատանը։
Արթուր Չիլինգարովը համաշխարհային համբավ է ձեռք բերել որպես հայտնի բևեռախույզ, Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտող, օվկիանոսագիտության մասնագետ:
Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում, մայրը ռուս էր, հայրը ՝ հայ։ Նա ԽՍՀՄ և Ռուսաստանի հերոս է, ակադեմիկոս, մի քանի համալսարանների պատվավոր պրոֆեսոր, ՌԴ Պետդումայի պատգամավոր։ Բացի ռուսական և միջազգային բազմաթիվ պարգևներից ու կոչումներից, 2000 թվականին Հայաստանի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ 2008 թվականին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։