ԱԳՆ–ի շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը մեկ ամսով կալանավորվել է

Բողոքի ակցիա ԱԳՆ–ի շենքի մոտ
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԳՆ–ի շենքի մոտ կայացած ակցիայի 5 մասնակիցների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց մայիսի 31–ին կայացած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը քիչ առաջ կալանավորվել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը Գնել Պետրոսյանի գործով որոշում է կայացրել` 1 ամիս ժամկետով կալանք»,– գրել է Մելիքյանը։
Նրա խոսքով` իշխանությունները Պետրոսյանին մեղադրում են խուլիգանության մեջ՝ պնդելով, որ նա ոտքով հարվածել է ոստիկանական վահանին։ Ըստ փաստաբանի` մեղադրանքի հիմքում դրված է ոստիկանի ցուցմունքը։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանել էին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։
ՀՀ ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտնեց, որ ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել։ Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից 27–ն ազատ են արձակվել։
Ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության հոդվածով։