ՀՀ–ն մարդու պետություն է ու պետք է ծառայի մարդուն. Փաշինյանը Սարդարապատում է

Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում
Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատի հուշահամալրիում տեղի ունեցավ զորահանդես։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը մարդու պետություն է ու պետք է ծառայի մարդուն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Սարդարապատի հուշահամալիրում, որտեղ նա ժամանեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ։
Նա նշեց, որ Հանրապետության տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի 400–ամյա երազանքի, պետականության ստեղծումը, սեփական երկրում բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքը, որը մեր հազարամյա պատմության ընթացքում նրան տրվել է առաջին անգամ։
«Հանրապետությունը պետք է կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին ու պատկերացումներին համահունչ, որ չստացվի այնպես` ժողովուրդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր հանրապետությունների հետ»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
ՀՀ տոնի առիթով Սարդարապատի հուշահամալրիում տեղի ունեցավ զորահանդես։ Հնչեց ՀՀ օրհներգը, Փաշինյանը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ։
Ոստիկանները խոչընդոտել են Գարեգին Բ–ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Հիշեցնենք` մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։