ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների վնասի գնահատումից հետո Հայաստանը կմիավորի ջանքերը գործընկերների հետ, եթե անհրաժեշտություն լինի։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ՌԴ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ պատրաստ է օգնել Հայաստանին հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղումների հետևանքների վերացման հարցում: Ֆրանսիայի Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ասել է, որ Օ-դը-Սենի շրջանը, գործընկերային հարաբերություններ ունենալով Տավուշի հետ, պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել մարզին։
«Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և լուրջ վնասներ հասցրել ենթակառուցվածքներին ու բնակելի տարածքներին։ Ընդհանուր վնասի գնահատումից հետո մենք անհրաժեշտության դեպքում գործընկերների հետ կհամաձայնեցնենք հետևանքները մեղմելու միջոցառումները»,– նշել է Բադալյանը:
Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ` 387 –ը՝ Լոռու մարզում, 42–ը՝ Տավուշի մարզում:
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։