ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Այլ մանրամասներ Մելիքյանը չի հայտնում։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։