«Եթե մարդիկ իրենց անընդհատ համադրում են մի արքայի հետ, որը սպանվել է, շատ վատ է, որովհետև դա մեկ–մեկ իր հետևանքներն է ունենում։ Կարող է նույնը կրկնվել մեզ մոտ, և իր բոլոր հետևանքներով կարող է կրկնվել, որովհետև մենք այսօր բավական ծանր իրավիճակում ենք հայտնվել` կատարված սխալների պատճառով։ Սխալներ, որոնք եկել են տասնամյակներ առաջվանից ու այսօր ավելի մեծ թափով են առաջ ընթանում»,– կարծիք է հայտնում պատմաբանը` միաժամանակ հիշեցնելով, որ Պապ թագավորը սպանվել է Հռոմի կայսեր կողմից, որի աջակցությամբ 6 տարի առաջ գահ էր բարձրացել։
«Ինքը, փաստորեն, մեր գլխավոր դաշնակցից հրաժարվեց, բայց նոր դաշնակից չկարողացավ ձեռք բերել։ Դա հանգեցրեց նրան, որ ոչ միայն Պապ թագավորը սպանվեց, այլև մեր պետականության ողնաշարը կոտրվեց դրանով։ Մեր երկիրը 2 մասի բաժանվելով` շատ երկար դարեր այլև իր մեջ այդ ուժը չկարողացավ գտնել. 400 տարի պահանջվեց պետականությունը վերականգնելու համար»,– շեշտում է պատմաբանը` զուգահեռներ անցկացնելով այսօրվա իրողությունների հետ։