ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ շարունակում է հետաքննել Հայաստանում 12 հազար «վագներականների» մասին լուրերը։
2023 թ-ի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամների հայտնվելու մասին հրապարակումը տարածվել է տելեգրամյան ալիքներում, և ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը։
2023 թ-ի դեկտեմբերին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից հայտնել էին, որ առայժմ շարունակում են ստուգել այդ հաղորդագրությունները։
ԱԱԾ-ից նոր հարցմանն ի պատասխան մեզ հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեում վարույթներ են նախաձեռնված, ուստի հայցվող տեղեկությունները ստանալու համար առաջարկեցին դիմել ՀՀ քննչական կոմիտե, որին էլ դիմեցինք:
«Ձեր հարցման 2-րդ մասում նշված տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք, որ «վագներականների»՝ ՀՀ-ում գտնվելու վերաբերյալ համացանցում տարածված հրապարակումների կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է նախաքննություն», - պատասխանեցին գերատեսչությունից։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ Հայաստանում «Վագներ» ՄՌԸ-ի մարտիկների ներկայության մասին լուրերը տարածել է իշխանամետ հարթակներից մեկը։ Սկզբում խոսքը երեք հազար մարդու մասին էր, հետո հայտնվեցին պնդումներ 12 հազարի մասին։
Ալիքի վարկածով՝ նրանք պետք է «հեղաշրջում իրականացնեին և իշխանությունից հեռացնեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։