ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանում այսօր կան կոնկրետ քաղաքական ուժեր, որոնք Հայաստանից դուրս ուժերի հետ ուս ուսի տված խնդիր են դրել կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը: Ազգային ժողովում հերթական նիստի ժամանակ, երբ շարունակվում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հարցի քննարկումը, նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա նման հայտարարություն արեց, երբ անդրադառնում էր ՍԴ դատավորի թեկնածուի վերաբերյալ մայիսի 21-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հնչեցրած խոսքերին, թե ինչպես է հնարավոր երաշխավորել, որ Դավիթ Խաչատուրյանն օտարերկրյա ազդեցության գործակալ չէ։
Նշենք, որ Խամոյանը նման կարծիք էր հայտնել, քանի որ ՍԴ դատավորի թեկնածուն եղել է Սորոսի հիմնադրամի խորհրդի նախագահը։
Կոնջորյանն ի պատասխան նաև փորձեց հասկանալ, թե ինչպես կարող են երաշխավորել, որ Գեղամ Մանուկյանն օտարերկրյա ազդեցության գործակալ չէ։
«Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, որովհետև Գեղամ Մանուկյանը և իր «Երկիր մեդիան» 100 հազարավոր դոլարների «Սորոսի» հիմնադրամից գրանտներ է ստացել, դուք էլ վստահ եմ՝ օգտվել եք այդ գրանտներից, հարցազրույցներ եք արել «Երկիր մեդիայի» հետ: Հիմա դուք ի՞նչ երաշխիք եք տալիս, որ դուք օտարերկրյա ազդեցության գործակալ չեք: Ես կարծում եմ, որ Ձեր երեշխիքները հարկավոր չեն, ամեն ինչ պարզ է»,- ասաց իշխանական պատգամավորը։
Նա ընդգծեց` նման հարցադրումները նպատակ ունեն դելեգիտիմացնելու ՍԴ անդամի թեկնածուին և առհասարակ Սահմանադրական դատարանը։ Կոնջորյանը պնդեց` հատկապես պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ ականատես է եղել, թե ինչպես է ընդդիմությունը փորձել դատական համակարգն օգտագործել որպես ժողովրդից վրեժ լուծելու միջոց։ Պատգամավորը պնդեց` ընդդիմադիրները, եթե շանս ունենան` Ֆեմիդայի սուրը կուղղեն ժողովրդի և պետության դեմ։
ՔՊ–ականը նաև մեղադրեց ընդդիմությանը, թե իրենք ցանկանում են վերադարձնել «գողապետությունը», քանի որ չեն կարողանում ապրել առանց գրպանելու և «ջեբկիրության»։
«Իշխանությունը վերադարձնելու, վերազավթելու համար դուք Հայաստանում հիմնադրել եք «մարդկային վշտի արդյունաբերություն»։ Արդյունաբերական ռելսերի վրա եք դրել մարդկանց վիշտն ու տառապանքը։ Մտածում եք` որտեղ կարող է վատ բան լինել, որ դժբախտության մունետիկի նման գնաք էս տաղավարից էն տաղավար, էս հրապարակից էն հրապարակ, էս փողոցից էն փողոց, էս ամբիոնից էն ամբիոն, որ ասեք` ամեն ինչ վատ ա, վատ ա լինելու, պետություն էլ չկա»,– ասաց Կոնջորյանը։
ՔՊ խմբակցության ղեկավարը ընդդիմությանը համեմատեց սատանայի հետ` ընդգծելով, որ ամեն անգամ տարբեր կերպարանքներով են գալիս` ինչպես Նոր կտակարանում սատանայի կերպարանափոխություններն են։
«Ամեն անգամ PR-շիկներն օգնում են։ Առաջին անգամ սպիտակ վերնաշապիկով էր, թևերը «քշտած», բայց իրանք եկան ու գնացին, որովհետև հասկացան, որ դժվար գործ է, հիմա բիզնեսով են զբաղվում։ Սատանայի երկրորդ կերպարանափոխությունը եղավ 2 տարի առաջ, երբ հայ ժողովրդին փորձում էին փողոցում փրկել ու վանկարկում էին` «թուրք», «դավաճան» ու պետք է փրկել։ Պապիկների էին ծեծում և ուզում էին փրկել։ Սատանայի երրորդ փորձությունը շատ պրոֆեսիոնալ է` ինքը եկել է վեղարով։ Ուզում եմ Ռոբերտ Քոչարյանին արժանին մատուցել, թե ինչպես կարողացավ «Հայր մերը» չիմանալով մտնել վեղարի տակ ու փորձել փրկել հայ ժողովրդին»,– ասաց Կոնջորյանը։
Նա վստահեցրեց` ընդդիմությունը չի կարող 21-րդ դարում գալ և միջնադարյան եղանակով ժողովրդից զավթել սեփական իշխանությունը` թաքնվելով վեղարի, սքեմի կամ փիլոնի տակ։