ՀՀ–ում ավագանու անդամը չի կարող զբաղեցնել հանրային պաշտոն

Այս նախագծի հիմնական ընդդիմախոսները իշխող խմբակցության պատգամավորներն էին, բայց կողմ քվեարկեցին նախագծին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ–ում համայնքի ավագանու անդամը չի կարող զբաղվել հանրային այլ ծառայությամբ։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները 69 կողմ, 13 դեմ, 5 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեցին Ազգային ժողովում` չնայած առկա տարաձայնություններին, որոնք հիմնականում հնչեցին իշխանական պատգամավորների կողմից։
Նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ նախագծով արգելվում է համայնքի ավագանու անդամին զուգահեռ զբաղեցնել հանրային պաշտոն, քանի որ դա մի շարք կարգավորումներով անհամատեղելի է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ սա անարդար մոտեցում է, քանի որ ավագանու անդամն իր այդ աշխատանքի համար չի վարձատրվում։

«Հիմա այդ մարդիկ ինչպե՞ս են ապրելու։ Ստացվում է` նրանց ուղղորդում ենք, որ գնան մասնավորի մոտ աշխատե՞ն։ Ավելի մեծ կոռուպցիոն ռիսկ չկա՞»,– նկատեց նա։
Ի պատասխան փոխնախարար Կարապետյանն ասաց, որ այդ առումով ավագանու տվյալ անդամը, որը ունի բիզնես կամ աշխատում է մասնավոր հիմնարկում, հատուկ կարգավորումներով է անցնում ու պարտավոր է ներկայացնել հատուկ հաշվետվություններ այն հարցերի շուրջ, որոնց քննարկամնը ինքը մասնակցելու է ավագանիում և որոնց դեպքում հնարավոր է` հայտնվի շահերի բախման մեջ։
«Այս պարտավորությունն ավագանու տվյալ անդամի վրա է թողնվում` կընտրի արդյոք հայտնվել շահերի բախման մեջ ինչ–որ հարցի քննարկման ժամանակ, թե ոչ, ու կոռուպցիոն վտանգի այդ ռիսկն իր վրա վերցնելո՞ւ է, թե ոչ»,– հայտարարեց փոխնախարարը։
ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արեն Մկրտչյանը, իր հերթին ասաց, որ այսօր ՀՀ–ում ՏԻՄ–երի կայացման խնդիր կա, ու նման սահմանափակում մտցնելով` խնդիրներ են ստեղծվելու հատկապես փոքր համայնքներում, որտեղ որակյալ ավագանի ունենալու հարց է առաջանում։
Այնուամենայնիվ, իշխող խմբակցությունը կողմ քվեարկեց օրենսդրական այս փոփոխություններին` որոշելով քննարկումները շարունակել։
Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքում նշված է, որ համայնքի ավագանու անդամը իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` ՀՀ ԱԺ պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով: