ՊԵԿ–ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. 6 ձերբակալված կա

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները «Ապավեն Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության գոտում ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին զննելիս հայտնաբերել են մեծ ծավալի ապօրինի տեղափոխվող թմրամիջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առաքանին ԱՄՆ–ից ներմուծվում էր «Տրանս Շիփփինգ» ընկերության միջոցով, այնտեղ, բացի անձնական օգտագործման առարկաներից, հայտնաբերվել է 23 գրամ և 507 գրամ ընդհանուր քաշով 2 փաթեթ` մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ և հաշիշի յուղ` 24 գրամ քաշով: Փաստի առթիվ ձերբակալվել է 3 քաղաքացի:
«Ձերբակալվածներից մեկի` Ն. Ա.–ի բնակության վայրում կատարված խուզարկության ժամանակ նա ներկայացրել է 1 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև կոկաին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ինքնակպչուն ժապավենով ամրացված 38 փաթեթ` ընդհանուր 66 գրամ քաշով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Մեկ այլ դեպքով` դարձալ «Ապավեն Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության գոտում, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված սուրհանդակային առաքանիները մաքսային զննման ենթարկելիս հայտնաբերվել են 1035 և 492 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ:
ՊԵԿ–ից նաև նշում են, որ Երևանի թաղամասերից մեկում մարիխուանայի նմանվող փոխարինված զանգվածների պարունակությամբ սուրհանդակային առաքանին վերցնելուց հետո ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Գ. Մ.-ն:
ՊԵԿ-ը առաքանու մեջ «Ամֆետամին» թմրանյութ է հայտնաբերել. ԱՄՆ ու ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Նշված դեպքերով, ընդհանուր առմամբ, շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 4 կգ մարիխուանա, 24 գրամ հաշիշի յուղ և 66 գրամ կոկաին տեսակների թմրամիջոցներ:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: