ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. 2025 թ. ամռանը «Հյուսիս–հարավ» ճանապարհը Երևան–Գյումրի հատվածում ամբողջությամբ պատրաստ կլինի։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա հիշեցրեց, որ Արտաշատ–Երևան և Երևան–Աշտարակ ճանապարհահատվածները լիովին պատրաստ են, շուտով կավարտվի Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածի կառուցումը:
Բացի այդ, ճանապարհի ամենահարավային հատվածում (Ագարակ–-Քաջարան) շինարարության նախապատրաստական աշխատանքներ են տարվում. այստեղ արդեն կապալառու է ընտրվել։ Շուտով մրցույթ կհայտարարվի Քաջարանի թունելի կառուցման համար։
Ինչ վերաբերում Է Սիսիան–Քաջարան հատվածին, ապա դրա ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 700 մլն եվրո, որից 236 մլն եվրոն ներգրավված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։ Լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ ներգրավելու համար բանակցություններ են ընթանում Եվրոպական ներդրումային բանկի հետ։
Հիշեցնենք, որ Հյուսիս–հարավ մայրուղու շինարարության համար վարկեր են տրամադրել նաև Ասիական և Եվրասիական զարգացման բանկերը:
«Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործողների ընդլայնմամբ) կկրճատի իրանական-վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։