ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաները լուսաբանող Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին Աբովյան փողոցում առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նախաքննությամբ նախնական տվյալներ են ստացվել, որ պատահարը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության ծառայողների կողմից նշված ճանապարհահատվածում հատուկ ծառայություն իրականացնելիս: Տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի պահին նշված տրանսպորտային միջոցի առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ոստիկանական մեքենան հարվածել է Նարե Գևորգյանին։
Նա «Նաիրի» ԲԿ–ում հետազոտվել է, ոտքի վնասվածք ունի, սակայն արդեն դուրս է գրվել։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր նույնպես վաղ առավոտից սկսեցին բողոքի ու իրազեկման ակցիաները։ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ նրանց։