Վրաստանում շարունակում են բողոքել. ակտիվիստները գիշերն անցկացրել են խորհրդարանի մոտ

Այսօր խորհրդարանում կվերսկսվի վիճահարույց օրինագծի քննարկումը, հենց այդ պատճառով էլ ցուցարարները երեկոյան չեն ցրվել և մնացել են մինչև առավոտ, որպեսզի փակեն շենքի մուտքերը և պատգամավորներին ներս չթողնեն:
Sputnik
Թբիլիսիում, չնայած անձրևին, շարունակվում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիաները․ օրինագիծն այսօր պետք է քննարկվի երկրի խորհրդարանում, իսկ մայիսի 14-ին արդեն կընդունվի վերջնական՝ երրորդ ընթերցմամբ:
Ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ուժայինների գործողություններն անօրինական են համարում և պահանջում են հետ կանչել, այսպես կոչված, «Օտարերկրյա գործակալների»մասին օրենքը: Ցուցարարները պարբերաբար վանկարկում են «ստրուկներ»։
Այս գիշեր Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ 20 մարդ է ձերբակալվել։ Նրանց թվում երեք օտարերկրացի կա՝ Ռուսաստանի մեկ և ԱՄՆ երկու քաղաքացի։ Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամաբ՝ բոլորը ձերբակալվել են վարչական օրենսգրքի հոդվածներով՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար։
Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, ՆԳՆ ուժերը տեղում հայտնվել են ժամը 05:00-ի սահմաններում և ցուցարարներին կոչ են արել ազատել խորհրդարանի մուտքերին կից տարածքը։ Դրանից հետո նրանք դուրս են մղել գիշերվանից այստեղ գտնվող ցուցարարներին:
Երեկոյան ցուցարարների և ոստիկանության միջև պարբերաբար բախումներ էին տեղի ունենում։ ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին ցուցարարներին կոչ է արել պահպանել օրենքը՝ չարգելափակել խորհրդարանի մուտքերն ու ելքերը, հակառակ դեպքում օրինախախտները կպատժվեն քրեական կարգով:
Ջրցան մեքենաներն ամբողջ գիշեր գտնվել են Թբիլիսիի Ազատության հրապարակում, սակայն չեն կիրառվել։
Վիճահարույց օրինագծի դեմ բողոքի ակցիաներ Թբիլիսիում անցկացվում են ապրիլի 15-ից: Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման օրերին, դրանք անկանխատեսելի բնույթ ստացան։ Անկարգությունների ընթացքում ցուցարարները քարեր, շշեր, ինչպես նաև ծխանռնակներ են նետել ոստիկանների և խորհրդարանի շենքի վրա, խարույկներ են վառել, իսկ ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ, պղպեղով ցողիչ և ջրցան մեքենա:
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը
Ընդդիմադիրները, ՀԿ-ների ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այն նույն շարքում է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է մարդկանց և խոչընդոտում է ԵՄ-ին երկրի ինտեգրմանը:
Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Մինչդեռ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ենթադրում է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում օտարերկրյա ուժի շահեր իրականացնող կազմակերպությունների ռեեստրում, եթե նրանց տարեկան եկամտի 20 (ու ավելի) տոկոսը արտասահմանյան ֆինանսավորումն է: Տարին մեկ անգամ նրանք պետք է հայտարարագիր լրացնեն։