ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ սկսվե՞լ է արդյոք Տավուշում սահմանապահների տեղակայման գործընթացը

Գերատեսչությունից չեն հայտնում նաև` արդյոք երկու երկրների սահմանապահները կապի մեջ են և արդյոք պայմանավորվածություններ կան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԱԾ-ն դեռ չի մեկնաբանում՝ սկսվե՞լ է արդյոք Տավուշում սահմանապահների տեղակայման գործընթացը:
Գերատեսչությունը չի մեկնաբանում նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանային ծառայությունների ղեկավարները կապի մեջ են:
«Հայցվող տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք», - Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նշել են ԱԱԾ–ից։
Նշենք` այն մասին, որ երկու երկրների կառույցների ղեկավարները կապի մեջ են և պետք է պայմանավորվեն, թե ինչպես է իրականացվելու ծառայությունը, ապրիլին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: