ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը կողմ է, որ փողերի լվացման դեմ պայքարի միջազգային կենտրոն ստեղծվի։
Գործադիր մարմինը հավանություն տվեց «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. հոկտեմբերի 13–ին Բիշքեկում: Որպեսզի որոշվի, թե միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները որքանով են համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, կառավարությունը կդիմի սահմանադրական դատարան: Դրական որոշման դեպքում համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
ՍԴ–ում կառավարության ներկայացուցիչը կլինի ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Նշվում է, որ համաձայնագիրը մշակվել է ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի կողմից։
«Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, ռիսկերի անդրազգային գնահատման ապահովումը, ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների միջև տեղեկատվական համագործակցության արդյունավետության մակարդակի բարելավումը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Կենտրոնի տեխնիկական, կազմակերպչական և տեղեկատվական ապահովումը կիրականացվի Ռուսաստանի Դաշնության ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության կողմից: