ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան քայլերթը մեկնարկեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի համար պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ քայլերթով կգան Երևան։
Շարժման մասնակիցները քայլերթից առաջ տերունական աղոթք հնչեցրին, ինչից հետո Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ծնկի իջան Կիրանց գյուղի 96-ամյա բնակիչ Լենա տատիկի առաջ, որպեսզի օրհնություն ստանան նրանից։
«Իրենց (ՀՀ իշխանությունների) գործը միակողմանի սահմանազատում անելն էր, իսկ մեր գործը`այդ ընթացը կասեցնելն է։ Մենք կարևոր թեզ ունենք` հոգին հաղթելու է «դուխին», եռագույնն էլ հաղթելու է սևին և սպիտակին»,– ասաց Բագրատ սրբազանը։
«44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները նույնպես իրենց օրհնությունը տվեցին քայլերթի մասնակիցներին։
Բագրատ սրբազանը հորդորեց ճանապարհին ծխախոտի մնացորդներ չգցել ու չաղտոտել տարածքները։
Նա նշեց` Կիրանցից շարժվելու են դեպի Սևքար, ապա մեքենաներով կտեղափոխվեն դեպի Ենոքավան, հետո ոտքով կգնան դեպի Իջևանի գինու գործարան։ Այնտեղից էլ գիշերը կբարձրանան Հաղարծնի վանք, առավոտյան կմասնակցեն պատարագի, ապա մեքենայով կիջնեն դեպի Դիլիջան, հետո Սևան ու այդպես մինչև Երևան։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։
Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։