Եթե բոլորը կանգնեն մեր կողքին, վաղը իշխանափոխություն կլինի. բողոքի ակցիա Երևանում

«Կամք» շարժումը վստահ է, որ իշխանափոխությանը այլընտրանք չկա։
Sputnik
«Կամք» շարժումն ակցիա է անում կառավարության շենքի դիմաց` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև, որ կառավարությունը հետ կանգնի զիջողական քաղաքականությունից ու Տավուշի գյուղերը չհանձնի թշնամուն։
«Մենք փորձում ենք հակազդել այս իշխանությանը։ Մեր ռեսուրսները մեծ չեն, բայց, այնուամենայնիվ, մենք պայքարում ենք մեր հնարավորությունների չափով։ Շարժմանը պետք է միանան բոլոր քաղաքացիները։ Իշխանափոխությանը այլընտրանք չկա, եթե բոլորը կանգնեն մեր կողքին, վաղը իշխանափոխություն կլինի», – հայտարարեց շարժման ղեկավար Վահագն Չախալյանը։
Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանն արդեն ընկճված է և աջակցություն չունի ժողովրդի կողմից, այնպես որ նա պետք է հեռանա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։