Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին

Երևանում առաջին անգամ ցուցադրվում են սպիտակապոչ գնուները, աֆրիկյան բորենիանման շները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Այսօր Երևանի կենդանաբանական այգում տեղի է ունեցել տարեշրջանի բացման արարողությունը, ինչպես նաև գործարկվել է կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ անվճար երթուղին կգործի շաբաթ-կիրակի և տոնական օրերին: Ավտոբուսը շարժվելու է Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանից։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանի խոսքով՝ մայիսի 1–ը կենդանաբանական այգու համար սեզոնի բացում է, քանի որ մարդկանց հոսքն ավելի շատանում է։
Նշենք, որ կենդանաբանական այգում նոր ազատավանդակ է տեղադրվել զեբրերի համար։ Բացի այդ, Երևանում առաջին անգամ ցուցադրվում են սպիտակապոչ գնուները, աֆրիկյան բորենիանման շները։