Դատարանը 2 ամսով կալանավորեց Մոսկվայում 25–ամյա երիտասարդին սպանած ադրբեջանցուն

Շահին Աբասով
Շահինը հրաժարվել է ընդունել դիտավորյալ սպանության մեղքը և պահանջել է գործը վերաորակել որպես անզգուշությամբ կատարված սպանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Դատարանը մինչև հունիսի 18-ը կալանավորել է Շահին Աբասովին, որը մեղադրվում է 25-ամյա Կիրիլ Կովալյովի սպանության մեջ:
«Ես չէի ուզում, այդպես ստացվեց»,-ասել է նա դատավորին։
Դատարանում քննիչը հայտնել է` Շահինն ու եղբայրները, որոնք ծրագրել էին թաքնվել Ռոստովի մարզում, ճանապարհին հասցրել են ևս մի քանի հանցագործություն կատարել:
«Շահինի հարազատները ցանկացել են նրան հանձնել ոստիկանությանը, բայց ստացվել է այնպես, որ նրանք փախել են»,– հայտարարել է փաստաբանը: Թե ինչպես է ստացվել, նա չի հստակեցրել։
Մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով կատարված սպանության համար Շահինին և նրա ավագ եղբորը, որը գտնվել է ողբերգության վայրում, մինչև 20 տարի ազատազրկում է սպառնում: Առաջիկայում խափանման միջոց կընտրեն նաև գործով մյուս մեղադրյալների համար։
Դատարանում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի քաղաքացի Շահին Աբասովը Ռուսաստանում ապօրինի է գտնվել, գրանցված է Ադրբեջանում։
Shot տելեգրամյան ալիքի տվյալներով` իրավապահները ստուգում են Աբասովների բիզնեսը։ Քննչական կոմիտեի տվյալներով` անօրինական սխեմայում ներգրավված է եղել ամբողջ ընտանիքը։ Հիփոթեքով գնված նրանց բնակարանում, որտեղ ապրում է Աբասովների ընտանիքը, խոշոր գումար է հայտնաբերվել` ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 17-ին։ Կովալյովն այցելել է իր հարսնացուին։ Նա նկատել է, որ 21-ամյա Շահին Աբասովին պատկանող «Toyota Camry» ավտոմեքենան սխալ է կայանված։ Կիրիլը դիտողություն է արել Շահինին` ասելով, որ մայթին կայանելն անթույլատրելի է։ Շահինը սկսել է բղավել, հետո դանակով հարվածել է Կովալյովին։ Երիտասարդը մահացել է հիվանդանոցում։