Ինչպես ընդունված է, սկսեմ բացասականից։ Անգլիացի հայտնի գրող Օլդոս Հաքսլին իր ստեղծագործություններից մեկում ենթադրություն է արել. «Իսկ միգուցե մի օր պարզվի, որ մեր Երկիրը մեկ այլ մոլորակի դժո՞խքն է»։ Այնինչ, ամերիկացի հումորիստ Էշլի Բրիլյանթը մարդկության բնօրրանի դրական կողմն է նկատել. «Որքան էլ բողոքենք կյանքից, այս մեր մոլորակը ամեն տարի Արեգակի շուրջ մի անվճար ուղևորություն է պարգևում բոլորիս»։
Փորձենք ուրեմն գոնե տարին մի անգամ վերհիշել մեր տարեց մոլորակի հարուստ և փորձություններով լի կենսագրությունը՝ տեղավորելով այն ընդամենը մեկ օրվա սահմաններում։
Եվ այսպես, ենթադրենք, թե մեր պայմանական ժամացույցը միացրել ենք ուղիղ կեսգիշերին, այսինքն, 4 միլիարդ 567 միլիոն տարի առաջ, երբ նորածին մոլորակը, որը մենք հիմա Արև ենք անվանում, շրջապատված էր իր շուրջն անկանոն պտտվող փոշու և գազի ամպերով։ Ժամանակի ընթացքում ավելի խոշոր օբյեկտները կուլ էին տալիս մանրերին՝ դառնալով ավելի մեծ ու ավելի կարծր։ Անցավ 6 րոպե, այսինքն, մոտ 20 միլիոն տարի, և ձևավորվեց մեր հարազատ երկնագույն մոլորակը, որն այն ժամանակ, բնականաբար, ամենևին երկնագույն չէր, այլ շատ էր նման Օլդոս Հաքսլիի նշած դժոխքին, քանզի մոլորակի ողջ մակերեսը պատված էր շիկացած լավայով և շարունակ գնդակոծության էր ենթարկվում տիեզերքից սուրացող երկնաքարերով։ Որոշ գիտնականներ պնդում են, որ հենց նման հրետակոծություններից մեկի ժամանակ էլ Երկրագնդից մի մեծ կտոր է պոկվել և սկսել պտտվել նրա շուրջը։ Այո′, շատ ճիշտ եք, այդպես ծնվեց մեր գիշերային հրաշքը՝ Լուսինը։ Ժամացույցը ցույց էր տալիս կեսգիշերից 12 րոպե անց։
Վաղ առավոտյան՝ ժամը 3-ի կողմերը, Երկիրը սկսեց սառել, և նրա մակերեսին ծովեր առաջացան։ Լույսը դեռ չէր բացվել, երբ այդ ծովերում գոյացավ միաբջիջ կյանքը։ Ժամը 11-ին սկսվեց առաջին համաշխարհային աղետը. մեր մոլորակը գրեթե ամբողջությամբ պատվեց սառույցով և այդ վիճակում մնաց համարյա 200 միլիոն տարի։ Հետո կլիման շատ ավելի բարենպաստ դարձավ կյանքի համար, և թվում էր, թե վերջապես եկել է գարունը, երբ ամեն ինչ ծաղկում է ու փթթում։ Կատարվեց ճիշտ հակառակը՝ զարգացումը կանգ առավ, և ցերեկվա ժամը 2-ից մինչև երեկոյան 8-ը ընդհանրապես ոչինչ չէր կատարվում։ Պատահական չէ, որ գիտնականներն այդ երկարատև ժամանակաշրջանն անվանում են «տաղտկալի միլիարդ»։
Իսկական կյանքը սկսվեց մայրամուտից հետո՝ երեկոյան ժամը 9-ին, այսինքն, 540 միլիոն տարի առաջ։ 21-ն անց կես առաջին կենդանիները դուրս եկան օվկիանոսից և սկսեցին գրավել ցամաքը։ Բայց ընդամենը մեկ ժամ անց տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային աղետը։ Գիտնականները մինչև հիմա չեն կարողանում բացատրել, թե ինչու մեր մոլորակից վերացավ բույսերի և կենդանիների բոլոր տեսակների 95 տոկոսը։ Բայց քիչ հետո, այսինքն, 30 միլիոն տարուց, դրանց տեղը սկսեցին զբաղեցնել դինոզավրները, որոնք տնօրինեցին ողջ Երկիրը՝ մինչև 23-ն անց 39 րոպե։
Մինչև այժմ չեն դադարում թեժ վեճերն այն հարցի շուրջ, թե ինչու հանկարծ վերացան այդ հսկաները։ Ամենատարածված վարկածը հաստատ գիտեք՝ մի մեծ երկնաքար ընկավ այնտեղ, որտեղ հիմա գտնվում է Մեքսիկական ծոցը, այդ ցնցումից ժայթքեցին հզոր հրաբուխները, երկինքը մոխրով պատվեց, և խեղճ դինոզավրները չդիմացան այդ արհավիրքին։ Բոլոր դեպքերում, ափսոս, որ վերացան, մի 20 րոպե էլ ողջ մնային, իրականությանը կհամապատասխանեին հոլիվուդյան այն ֆիլմերը, որտեղ նախնադարյան մարդիկ կռիվ են անում դինոզավրերի հետ։ Բայց առաջին բանական մարդիկ՝ Հոմո սափիենսները, առաջացան կեսգիշերից ընդամենը 80 վայրկյան առաջ։
Բացվեց մոլորակի նոր օրը՝ մեր օրը, որը շատ նման է մեր այսօրվա հայաստանյան իրականությանը. առավոտյան արթնանալիս գրեթե անհնար է կանխատեսել, թե ինչ է կատարվելու ցերեկը և ինչպիսի նոր փորձություններ են սպասվում մինչև երեկո։ Կարելի է, իհարկե, համաձայնել այն մարդկանց հետ, որոնք ասում են՝ եթե մենք իսկի չգիտենք, թե այսօր ինչ է գալու մեր գլխին, ինչպե՞ս ենք փորձում կանխատեսել, թե ինչ է լինելու, ասենք, 500 տարի հետո։ Բայց երևի արդարացի են նաև նրանք, ովքեր ասում են՝ իսկ մի՞թե Քրիստափոր Կոլումբոսը, որը 1492 թվականին հայտնաբերեց Ամերիկան, կարող էր գուշակել, թե ինչպիսին է լինելու այդ Ամերիկան մեր օրերում։
Այո′, ինչպես ասում էր հայտնի ճարտարապետ Ռիչարդ Ֆալերը՝ «Երկիր» կոչվող տիեզերանավը, որով մենք ճամփորդում ենք տիեզերքով, ընդամենը մի թերություն ունի. անընդհատ փնտրում ենք, բայց մինչև հիմա չենք գտել այդ տիեզերանավը վարելու ուղեցույցը։