ԼՂ–ից բռնի տեղահանված որ երեխաներն են կրթությունից դուրս մնացել. մանրամասնում է նախարարը

Ժաննա Ադրեասյանը կառավարության նիստին. Արխիվային լուսանկար
ՀՀ կառավարությունն այսօր նաև հաստատեց ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչների հավելավճարները հատկացնելու մասին որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում այս պահին կրթությունից դուրս են մնացել ԼՂ–ից բռնի տեղահանված այն երեխաները, որոնց ընտանիքը մի քանի բնակության վայր է փոխել։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մարզերից ահազանգեր ենք ստանում, որ կրթությունից դուրս են մնում այն երեխաները, որոնց ընտանիքը մի քանի բնակության վայր է փոխել։ Հիմա օպերատիվ այդ ուղղությամբ աշխատում ենք»,– վստահեցրեց նախարարը։
ՀՀ կառավարությունն այսօր նաև հաստատեց ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչների հավելավճարները հատկացնելու մասին որոշումը։
Անդրեասյանի խոսքով` դա վերաբերում է հայաստանյան դպրոցներում արտամրցութային կարգով աշխատանքի անցած ուսուցիչներին, որոնց թիվն այս պահին կազմում է 330, սակայն դիմումների թիվը դեռ ավելանում է։
«Այս ուսուցիչները բացի աշխատավարձից, երկու տարվա ընթացքում կստանան նաև 30 տոկոսի չափով հավելավճար։ Բացի այդ, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, ինչպես նաև Գեղարքունիքի, Տավուշի որոշ խոշորացված համայնքներում ԼՂ–ից բռնի տեղահանված այս ուսուցիչները բացի աշխատավարձից ու հավելավճարից, ամսական կստանան նաև 50 հազար դրամ»,– ընդգծեց նախարարը։
Նա նաև նշեց, որ զուգահեռ մեկ այլ նախագիծ են շրջանառում, ըստ որի` այս ծրագրին ուսուցիչների դիմելու ժամկետը կերկարացվի։
2023թ–ի դեկտեմբերի 27–ին Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար երեխաներ սովորում են Հայաստանի դպրոցներում, իսկ մոտ 2800–ը` բուհերում և քոլեջներում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։