Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, որը գործում է Երևանում, բացառիկ է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։ Սա այն եզակի կենտրոններից է, որտեղ արտադրվում է ռադիոակտիվ հատուկ նյութ՝ ռադիոֆարմ, որը ներարկվում է բուժառուին, օրինակ, PET ԿՏ կոչվող հետազոտության համար։ Այս հետազոտությունը շատ կարևոր է հատկապես օնկոլոգիական հիվանդություններ ունեցողների համար։ Շատ դեպքերում հենց PET ԿՏ-ի արդյունքում է բժիշկը կարողանում առավել ճշգրիտ բուժման սխեմա ընտրել։
«Այդ հետազոտությունից հետո հնարավոր է` հիվանդության փուլը փոխվի ինչպես դեպի վերև, այսինքն՝ հայտնաբերվեն այնպիսի օջախներ, որոնք կգնահատվեն որպես մետաստատիկ, այնպես էլ կարող է փուլն իջնել։ Այսինքն՝ կարող է պարզվել, որ ԿՏ-ով և ՄՌՏ-ով գնահատված երկրորդային օջախներն (մետաստազները) ընդհանրապես երկրորդային բնույթ չունեն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է կենտրոնի տնօրեն Արմինե Բադեյանը։
Արմինե Բադեյան
© Sputnik / Aram Nersesyan
Մինչ կենտրոնի ստեղծումը Հայաստանում այս հետազոտությունը չէր արվում, դրա համար ստիպված էին լինում հարևան երկիր՝ Վրաստան գնալ։ Իրականում այնտեղ էլ նյութը չի արտադրվում, բերվում է Թուրքիայից։ Քանի որ ռադիոիզոտոպներըկարճ կյանք ունեն, ժամերի ընթացքում իրենց ուժը սկսում են կորցնել։ Իսկ այստեղ տեղում արտադրվող նյութն անմիջապես է ներարկվում մարդուն, ինչը թույլ է տալիս նյութի քիչ քանակով բարձր արդյունավետություն ապահովել։
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն
© Sputnik / Aram Nersesyan
Նյութի արտադրության գործընթացը սկսվում է մի սենյակում, որտեղ այդ ընթացքում որևէ մեկը չի կարող լինել, որովհետև ճառագայթման մեծ վտանգ կա։
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն
© Sputnik / Aram Nersesyan
Հետո նյութը խողովակներով տեղափոխվում է մյուս էտապներ, լցվում հատուկ տարայի մեջ։ Մինչև բուժառուին ներարկելը պարտադիր ստուգվում է նաև որակը։
Կենտրոնում ևս մեկ եզակի հետազոտություն է արվում՝ PSMA Pet-CT, որը կիրառվում է միայն տղամարդկանց դեպքում` շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և տարածվածության գնահատման համար։ Հաճախ լինում է հիվանդության փուլի բարձրացում, հետևաբար այս հետազոտությունը շատ կարևոր է արդյունավետ բուժման սխեմայի ընտրության համար։
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն
© Sputnik / Aram Nersesyan
Ճիշտ է` կենտրոնում աշխատանքը ճառագայթման ռիսկ ունի, բայց ինչպես աշխատակիցներն են ասում, իրենցից յուրաքանչյուրը գիտակցում է, թե ինչու է այդ ռիսկին գնում՝ հանուն յուրաքանչյուր բուժառուի առողջության։
Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանը և ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի աշխատակից Հայկ Պետրոսյանը` հատուկ արտահագուստով
© Sputnik / Aram Nersesyan