ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Թաիլանդի Պհուկետ քաղաքում ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը նաև վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար, Վարազդատ Լալայանը, գլխավերևում պահելով 210 կգ, դարձավ ոսկե մեդալակիր։
Հայաստանն այսօր ներկայացրել են երկու մարզիկներ՝ Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը։
Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը իր երեք մոտեցումներից իրացրեց միայն մեկն ու 195 կգ արդյունքով ի վերջո զբաղեցրեց 5-րդ տեղը։ Հրում վարժությունում Լալայանը սկսեց իր մոտեցումները 243 կգ-ից և վստահ իրացրեց մոտեցումը։
Մարտիրոսյանը մոտեցավ 245 կգ կշռող ծանրաձողին և նույնպես վստահ կատարեց գործողությունը` գլխավերևում պահելով քաշը։ Հետո մեր ծանրորդները իրար հետևից մոտեցան 253 կգ կշռող ծանրաձողին։ Լալայանը ֆիքսեց գլխավերևում քաշը և ապահովեց առաջին տեղը երկամարտի 463 կգ արդյունքով։ Իսկ Սիմոն Մարտիրոսյանը չիրացրեց մոտեցումը ու երկամարտի 440 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը։
Այսպիսով օլիմպիական խաղերի ուղեգիր Հայաստանի ծանրամարտի հավաքականից վաստակեց Վարազդատ Լալայանը ու միացավ նույն հաջողությանը հասած Անդրանիկ Կարապետյանին ու Գարիկ Կարապետյանին։ Այս երեք ծանրորդները կմեկնեն Փարիզ։