Օրենբուրգի մարզում վարարման գոտուց տարհանվել է ավելի քան 4 հազար մարդ, այդ թվում՝ 885 երեխա, հայտնում են տարածաշրջանի իշխանությունները:
Ըստ առկա տեղեկությունների՝ Օրենբուրգի մարզում վարարման գործընթացների տեմպը դեռ չի նվազում։ Գետերում ջրի բարձրացումը կազմել է մեկ օրում 11-65 սմ։ Ապրիլի 7-ի առավոտվա դրությամբ՝ հալոցքաջրերի և տեղումների ազդեցության պատճառով ջրհեղեղն ընդգրկել է 27 մունիցիպալ կազմավորում:
«Տարհանվել է 4064 մարդ, այդ թվում՝ 885 երեխա։ Մարզի 31 մունիցիպալիտետներում փակվել է 47 կամրջային կառույց։ Դաշնային ավտոճանապարհներով երթևեկությունն իրականացվում է առանց սահմանափակումների»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Տարածաշրջանի իշխանությունների տվյալներով՝ խախտվել է 8816 բնակելի շենքերի էներգամատակարարումը, աշխատում է 41 վթարային բրիգադ՝ 103 մարդ և 41 միավոր տեխնիկա:
«Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Օրենբուրգի մարզի արևելյան մասի վրա՝ Օրսկ, Գայի քաղաքային շրջան, Կվարկենսկի, Դոմբարովսկի, Սվետլինսկի, Նովորսկի և Ադամովսկի շրջաններ։ Տարածքների հեղեղումը պայմանավորված է հալոցքային ջրերի ազդեցությամբ, Ուրալ գետում ջրի մակարդակի բարձրացմամբ, Իրիկլինսկի ջրամբարից ջրի բացթողումների ավելացմամբ, ինչպես նաև Օրսկում ամբարտակի ճեղքմամբ, որտեղ ամենաբարդ իրավիճակն է ստեղծվել»,- պարզաբանել են տարածաշրջանային իշխանությունները:
Օրսկում լայնածավալ հեղեղման հետևանքների վերացման գործում ներգրավված ուժերն ու միջոցները բավարար են, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը:
«Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Իրավիճակի գնահատում կիրականացվի։ Կբերվի անհրաժեշտ ամեն ինչ»,-ասել է Կուրենկովը։
Նախարարի խոսքով ՝ այժմ առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Օրսկի Լենինյան շրջանում և Հին քաղաքի շրջանում։ Վերջինիս ներսում կարելի է տեղաշարժվել միայն նավակներով, ջրի խորությունը հասնում է երկու մետրի։ Փրկարարական նավակները տեղափոխում են մարդկանց և նրանց անձնական իրերը: