Թուրքիան և ԱՄՆ-ն որոշել են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ

Էնթոնի Բլինկեն
Անկարան ու Վաշինգտոնը պատրաստվում են ուս ուսի աշխատել Հարավային Կովկասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պարտավորվել են համատեղ աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և համաձայնել են, որ նման համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը», - ասվում է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի յոթերորդ նիստի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ, որը հրապարակել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք` 2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին։
Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին և ասել, որ Թուրքիան մի քանի անգամ փորձել է միջնորդի դեր ստանձնել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայաստանը պատասխանել է, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները պետք է լինեն լիովին հավասարակշռված, լիովին չեզոք, մինչդեռ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը միջնորդության միջավայր չի ձևավորում։