Քաղաքում հենց միանում էին տագնապի ազդանշանները, երեխային գրկում էր, բարձրաձայն երգում ու պարում, որ 1-ամյա Իննան շուրջբոլորը կատարվողը խաղ ընկալեր, չվախենար։ 35-ամյա Արևիկը հիշում է՝ ամուսինը՝ Հրանտը, ամենալարված իրավիճակներում անգամ հավասարակշռությունը չէր կորցնում։ Հայր դառնալուց հետո գերուշադիր էր դարձել հնարավոր վտանգների հանդեպ, պատասխանատվությունն ավելի մեծ էր։
Հրանտ Հովսեփյանը կնոջ` Արևիկի և դստեր հետ
© Photo : provided by Arevik Hakobyan
«Որ տեսնում էր փոքր էրեխեքի, որոնց պապաները զոհված էին, ասում էր՝ դժվար է առանց ծնող, կամ ինչ ահավոր է` խոխան ծնվել է, հայրը չի էլ տեսել․․․ Նույնն իր հետ եղավ»,- ասում է Արևիկը։
Հրանտ Հովսեփյանի ու Արևիկ Հակոբյանի ընտանիքի պատմությունը սկսվեց ծառայողական սիրավեպով։ Երկուսն էլ աշխատում էին Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում։ Ամուսնացան, միասին շատ դժվարությունների միջով անցան։ 7 տարի չէին կարողանում երեխա ունենալ։
Հրանտն ու Արևիկը
© Photo : provided by Arevik Hakobyan
«Շատ էի հուսահատվել, հոգնել էի արդեն։ Մի օր ասացի՝ վերջ, եթե մինչև Նոր տարի չեղավ, արի գնանք, մանկատնից երեխա վերցնենք։ Ուրիշ տղա լիներ, կասեր՝ ի՞նչ ես խոսում։ Ինքը համաձայնեց՝ եթե չլինի, գնում ենք։ Հունվարին պարզվեց՝ հղի եմ»։
Ու ծնվեց Իննան։ Որքան հոգատար ամուսին էր Հրանտը, բազմապատիկ հոգատար հայր էր։
Հրանտն ու Արևիկը ծննդատնից տուն են տանում իրենց առաջնեկին
© Photo : provided by Arevik Hakobyan
Շրջափակման օրերին Հրանտի ու Արևիկի ընտանիքում երկրորդ հրաշքը կատարվեց, պարզվեց՝ կրկին ծնողներ են դառնալու։
«Մի պահ մտածեցի՝ ծանր օրեր են, չգիտենք, թե ինչ է լինելու․․․ Հրանտն ասաց՝ չասես ու չմտածես նման բան, ամեն ինչ լավ է լինելու»։
Խանութ ունեին, որտեղից բնակիչները շրջափակման օրերին կտրոնով գնումներ էին կատարում։ 2023–ի սեպտեմբերին, երբ մարդիկ նկուղներ էին իջել հրետակոծությունից պաշտպանվելու համար, Հրանտը խանութի եղած-չեղածը սկսեց բաժանել նրանց։ Արևիկը հավաքել, պահել է սոցցանցերում ամուսնուն ուղղված երախտիքի խոսքերը։
2023–ի սեպտեմբերի 25-ին Հրանտն իր ձեռքով քնացրեց դստերը` տնից դուրս գալիս խոստանալով շուտ վերադառնալ։ Հետո կնոջը հաղորդագրություն ուղարկեց` գնում է «Հայկազով»՝ բենզինի։ Ինչու էր գնացել, Արևիկը մինչև հիմա չի հասկանում․ իրենք պահեստավորած բենզին ունեին, Արցախից դուրս գալ կարող էին։
Փոքրիկ Իննան
© Sputnik / Aram Nersesyan
«Շատ անհանգիստ էի այդ օրը։ Մեկ էլ աչքովս «Ֆեյսբուքի» գրառումներն ընկան՝ «նոր աղետ Արցախում»․․․ Նորից բացեցի Հրանտի SMS-ը, տեսա, որ «Հայկազով» է գնացել ու վատացա։ Հղի վիճակում դուրս եկա տնից, մութ էր, կայծակ, որոտ, պատահական մեքենա կանգնացրի ու սկսեցի տարբեր հիվանդանոցներ գնալ։ Երկրորդը հանրապետականն էր։ Ահավոր էր էնտեղ, 4 հարկ իջնում, բարձրանում էի՝ Հրանտ գոռալով, գիտեի, որ եթե այնտեղ լինի, ձայն կհանի գոնե։ Մարդիկ անճանաչելի էին․․․»։
Հրանտից լուր չունենալով՝ հաջորդ օրն Արևիկը ստիպված եղավ դստեր հետ ուղղաթիռով Հայաստան տեղափոխվել։ Ուրիշ տարբերակ չուներ։ Աղոթում էր, որ հրաշք լինի, ուղղաթիռով տեղափոխվող վիրավորներից մեկը Հրանտը լինի։ Բայց հրաշք չեղավ։ Մեկ ամիս շարունակ նրա մասին լուրի էին սպասում։
Արևիկը
© Sputnik / Aram Nersesyan
«Սկզբում Աստծուց նեղացած էիհ, հետո փորձեցի հաշտվել Նրա հետ․․․ Խնդրեցի, որ գոնե Հրանտից մի մասունք գտնվի։ Նույն օրը ԴՆԹ-ի պատասխանը եկավ»։
Հրանտի մահվան քառասուներորդ օրը լույս աշխարհ եկավ Հրանտը․․․
Արևիկն ու դուստրը՝ Իննան, օգտվում են Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերից, փոքրիկ Հրանտը դեռևս որևէ աջակցություն չի ստանում, քանի որ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում։ Արևիկն արդեն հավաքել է անհրաժեշտ փաստաթղթերը, սպասում է երեխայի նպաստին։
Արևիկը փոքրիկ դստեր և որդու հետ
© Sputnik / Aram Nersesyan
Ինչ վերաբերում է Արցախում պայթյունի զոհերին, մինչև օրս ՀՀ–ն նրանց որևէ կարգավիճակ չի տվել, նրանց ընտանիքների համար սոցիալական աջակցության որևէ առանձին ծրագիր չի մշակվել։