Սյունիքի կայազորում 195 հանցագործությունից 40-ը կատարել են սպաները․ դատախազը մարզում էր

Աննա Վարդապետյան
Նախորդ տարվա ընթացքում մարզում հանցագործությունների թիվն ավելացել է ավելի քան 44 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունը 2023-ի ընթացքում արձանագրել է 195 հանցագործություն, որոնցից 115-ը զինվորական հանցագործություններ են, 80-ը` այլ, հայտնում են դատախազությունից։ Նշված 195-ից 40-ը կատարվել է սպաների, 16-ը՝ պայմանագրային, 83-ը` ժամկետային զինծառայողների, 12-ը՝ չպարզված անձի, 13-ը հակառակորդի, 31-ը՝ քաղաքացիական անձանց կողմից։ Կապան քաղաքի նստավայրում անցկացված խորհրդակցության ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին զեկուցել է կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը։
«2023 թվականի ընթացքում կայազորի զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 112 քրեական վարույթ 133 անձի նկատմամբ (2022 թվականի ընթացքում՝ 45 քրեական գործ (վարույթ)՝ 59 անձի նկատմամբ)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Սյունիքի մարզում 2023 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործությունների աճ 44,4%-ով կամ 434 դեպքով (2023թ․՝ 1411 դեպք, 2022թ․ ՝ 977 դեպք)։ Այս տվյալներն է ներկայացրել մարզի դատախազ Մասիս Պողոսյանը։
Խորհրդակցության ժամանակ
Ծանր հանցագործությունների դեպքերի քանակը մարզում նվազել է՝ 186 դեպք (2022 թվականին՝ 206 դեպք), միջին ծանրության դեպքերի քանակն աճել է 186-ով՝ կազմելով 485 (2022 թվականին՝ 299 դեպք):
Ավելացել են նաև սպանություններն ու սպանության փորձերը՝ 2023-ին արձանագրվել է սպանության 4 դեպք (2022-ին՝ 1 դեպք), սպանության փորձի 5 դեպք (2022-ին՝ 1 դեպք):
Կրկնակիից ավելի է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի աճը՝ 84 դեպք (2022-ին՝ 36 դեպք):
Կրկնակիից ավելի աճ է գրանցվել նաև ապօրինի թմրաշրջանառության ոլորտում՝ 53 դեպք (2022 թվականին՝ 24 դեպք):