Հայաստանի և Ֆրանսիայի ռազմական համագործակցությունն արդեն հեռահար բնույթ ունի․ Պապիկյան

Ասուլիսից առաջ Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրեցին պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցն ակներև վկայությունն է, որ թեպետ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի։ ՊՆ վարչական համալիրում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ րոպեներ առաջ ֆրանսիացի գործընկերոջ հետ ավարտվեցին հերթական գործնական ու բովանդակային քննարկումները։
«Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները, հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը, և, իհարկե, զինված ուժերի և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիակական համագործակցության զարգացման ուղղությունը»,- ասաց Պապիկյանը։
Նա իր խոսքում նշեց, որ ստորագրված փաստաթղթերը նոր հիմք են դնելու ոլորտում համագործակցության օրակարգի համար։
Նախարարը շեշտեց, որ երկկողմ համագործակցությունը զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն նշեց, որ իր և պատվիրակության այցը ևս մեկ անգամ շեշտում է Հայաստանի՝ Ֆրանսիայի համար ունեցած կարևորությունը։
Հիշեցնենք` Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 22–ին։
Լըկորնյուին օդանավակայանում դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
ՊՆ վարչական համալիրում փետրվարի 23–ին տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։