«Վստահ եմ` գործողություններ կլինեն». Գրիգորյանը` ՀՀ–ի կողմից հետախուզվող ադրբեջանցու մասին

Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետի խոսքով` հարցի շուրջ կոլեգիալ քննարկում պետք է լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահ է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլիի ազատ արձակման հետ կապված գործողություններ կլինեն Հայաստանի կողմից։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Զեյնալլին փետրվարի 21-ին տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում և հայտնել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն ձերբակալել և տարել են ոստիկանության բաժանմունք։ Նա նաև նշել էր` ՌԴ իրավապահներն իրեն հայտնել են, որ Հայաստանն է իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել ու կարող է Հայաստանին փոխանցվել։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնեցին, որ նա ազատ է արձակվել և շուտով կտեղափոխվի Բաքու։
«Հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև այնուամենայնիվ, հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի, նաև մեր իրավապահ մարմինների հետ քննարկում պետք է լինի»,– նշեց նա:
Լրագրողները հետաքրքվեցին` արդյոք բողոքի նոտա կուղղվի՞ Ռուսաստանին։ Փոխվարչապետը խորհուրդ տվեց առաջ չընկնել։
«Երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»,– հավելեց նա:
Հիշեցնենք` ըստ ՀՀ ՆԳՆ-ի` Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում։ Տեղեկություններ կան, որ նա կասկածվում է Արցախի Հանրապետությունում 44-օրյա պատերազմի ժամանակ ծեր մարդուն գլխատելու մեջ։