ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ ՀՀ–ում փետրվարին կայանալիք բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի ավելի քան 35 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Փետրվարի 17–26–ը ընկած ժամանակահատվածում Ավստրիայում և Երևանում անցկացվելու է բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլը։ Հայաստան–Ալբանիա հանդիպումը ՀՀ–ում կանցկացվի փետրվարի 23–26–ը։
«Վերջին տարիներին բասկետբոլի ազգային հավաքականը գրանցել է աճ բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 19–23-ը 21 պատվիրակով մասնակցելու է Ավստրիայում Հայաստան–Ավստրիա խաղին, իսկ փետրվարի 23–26–ը Հայաստանը հյուրընկալելու է Ալբանիայի բասկետբոլի ազգային հավաքականին։ Նախընտրական փուլի խաղը տեղի է ունենալու փետրվարի 25–ին։ Ալբանիայի պատվիրակությունը ներկայանալու է 28 պատվիրակով»,– ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է, որ ՀՀ–ում նախընտրական փուլն անցկացնելու համար բասկետբոլի ֆեդերացիային հարկավոր է բասկետբոլային զույգ օղակ վահան/կցված 24 վայրկյանի սարքերով։