Առատ ձյունն այս տարի իսկական նվեր դարձավ Ջերմուկի ու քաղաքի հյուրերի համար։ Այս օրերին հանրապետությունում ամենաբարձր ձնաշերտը հենց Ջերմուկի հատվածում է եղել՝ հասնելով մինչև 95 սմ-ի։
Մարդիկ քայլում են ձյան «պատերի» արանքով
© Sputnik / Aram Nersesyan
Թեպետ հիմա Ջերմուկի համար տուրիստական ոչ ակտիվ շրջան է, բայց քաղաքի փողոցներում բազմաթիվ զբոսաշրջիկների կհանդիպեք։ Ու դրան չի խանգարում նաև այն, որ քաղաքի գրավչություններից մեկը՝ ճոպանուղին, դեռ չի գործում։ Ճոպանը վնասվել էր 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո, երբ թշնամու ստորաբաժանումներն ինտենսիվ կրակ էին բացել Ջերմուկի ուղղությամբ։ Վերանորոգման աշխատանքները մի քանի ամսից կավարտվեն, ու ճոպանուղին կվերաբացվի։ Մինչ այդ քաղաքի վերականգնման, բարեկարգման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվել։ Քաղաքի գիշերային հմայքը բազմապատկվել է առատ լուսավորության շնորհիվ։
Ջերմուկի լուսավորությունը
© Sputnik / Aram Nersesyan
Հայտնի «Գալերիայի» հարևանությամբ տեղադրվել են փայտե տաղավարներ․ առատ ձյունը խանգարեց, որ աշխատանքներն ավարտին հասցվեն։ Հենց որ եղանակը տաքանա, տաղավարները կավելացվեն, ու այսուհետև ջերմուկցիները վաճառքը կիրականացնեն միանման գեղեցիկ տաղավարներում։
Նոր տաղավարները
© Sputnik / Aram Nersesyan
66-ամյա Սեդա տատն ուրախ է, որ քաղաքը փոխվում է։ Որքան շատ զբոսաշրջիկ գա, այնքան առաջ կգնա իրենց գործը։ Նա վաճառում է իր ձեռքերով պատրաստած տարատեսակ մուրաբաներ (մասուրի, կոնի), խնամքով հավաքված դեղաբույսեր, թեյեր։ Ասում է՝ այս օրերին քաղաքում տուրիստներն այնքան էլ շատ չեն, օր է լինում՝ «սֆթա» չի էլ անում, երեկոյան տուն է գնում ու հայտնում՝ ընտանեկան բյուջեից -200 դրամ (գետի ձախ ափից է գալիս, երթուղայինի գումարն է)։
Վաճառողները քաղաքի հյուրերին նաև մեղր են առաջարկում
© Sputnik / Aram Nersesyan
«6 հոգի ենք՝ ես ու ամուսինս, տղես, հարսս ու երկու թոռներս։ Տղես ու ամուսինս հիվանդ են, մեջներից առողջը ես եմ, դրա համար էլ ամեն օր էստեղ եմ գալիս՝ չնայած ցրտին»,- ասում է տատիկը։
Սեդա տատը
© Sputnik / Aram Nersesyan
2022-ի դեպքերից հետո Ջերմուկում զբոսաշրջիկների հոսքը կտրուկ պակասել էր։ Հիմա թե՛ քաղաքն է վերականգնվել, թե՛ զբոսաշրջիկների թիվն է նախկին ցուցանիշներին վերադարձել։ Visit Jermuk հարթակի տվյալներով՝ միայն դեկտեմբերի 28-ից հունվարի 12-ը` տոնական օրերին, քաղաքը մոտ 3000 զբոսաշրջիկ է ընդունել։
Ձմեռային տեսարան Ջերմուկում
© Sputnik / Aram Nersesyan
«Վերջին երկու տարին, կարելի է ասել, տխուր էինք։ Քաղաքը սկսեց ուշքի գալ նոյեմբերից։ Այս տարին էլ լավ ենք սկսել՝ Նոր տարվա փաթեթներից սկսած մինչև հիմա նորմալ պահպանվում է տեմպը։ Ճանապարհներն էլ բարեկարգել են, թվում է, թե Երևանից Ջերմուկ ճանապարհը կրճատվել է, ավելի շատ են գալիս»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Գագիկ Ստեփանյանը։
Գագիկ Ստեփանյան
© Sputnik / Aram Nersesyan
Նա կարծում է՝ Ջերմուկի զարգացման համար մեր պատկերացումներն էլ պետք է մի քիչ փոխվեն․ սա ոչ թե տարեցների համար պարզապես առողջարանային քաղաք է, այլև երիտասարդների համար ժամանակակից մեծ սպա կենտրոն։
Արտասահմանցի զբոսաշրջիկները Ջերմուկ գալուց առաջ առանձնապես չեն էլ հետաքրքրվում քաղաքի անվտանգային վիճակով։ Տնօրենի խոսքով՝ որքան էլ զարմանալի լինի, այդ հարցն ամենից հաճախ հենց հայաստանցիներն են տալիս, արտասահմանցիներին այդ հարցերը չեն մտահոգում։ Կարծում է՝ համացանցի ազդեցությունն է, վերջին տարիներին սոցցանցերը մեծ տեղ են զբաղեցնում հայաստանցիների կյանքում, մեկ ֆեյք լուրն էլ կարող է լուրջ հարված հասցնել քաղաքին։
«Մի նման լուրը շղթայական խնդիրներ է առաջացնում քաղաքի համար․ հյուրերը վախենում են, քաղաք չեն գալիս, հյուրանոցները չեն աշխատում, այն տաքսիստները, որ զբոսաշրջիկներին պետք է, օրինակ, ջրվեժ հասցնեին, չեն աշխատում, տատիկները, որ իրենց պատրաստած պահածոները, թեյերը պետք է վաճառեին, չեն վաճառում։ Բոլորն են տուժում, չկա մի բնակիչ, ում վրա չազդի դա»,– ասում է հյուրանոցային համալիրի տնօրենը։
Նրա խոսքով` վերջերս, երբ եղանակի պատճառով ճանապարհն ընդամենը մի քանի ժամով փակվեց, մոտ 18-20 տոկոսով նվազեց հյուրանոցային զբաղվածությունը. ճանապարհի փակվելու մասին սոցցանցերում հայտնում են, բացվելու մասին՝ մոռանում։
Այս տարի Ջերմուկը՝ որպես հանգստավայր, նախընտրել են հենց մեր հայրենակիցները, ավանդաբար քաղաքը ռուսական շուկայի համար է պահանջված, այլ երկրներից էլ են հյուրեր գալիս։ Օրինակ` Ռենը, Ջենն ու ընկերները Ֆիլիպիններից են, աշխատում են Դուբայում։ Այս տարի արդեն երկրորդ անգամ են Հայաստան գալիս։ Ասում են՝ հունվարի սկզբին եկան մի քանի օրով, հասցրին տեսնել Երևանն ու մոտակա մի քանի տեսարժան վայրերը, հետ գնացին՝ Հայաստան վերադառնալու որոշմամբ։
Ռենը, Ջենն ու ընկերները
© Sputnik
«Շատ ենք սիրել Ջերմուկը։ Մեզ մոտ՝ Ֆիլիպիններում, շոգ է, Դուբայում էլ, այստեղ ցուրտը տանելի է, շատ ուրախ ենք, որ ձյուն տեսանք։ Մտածում ենք՝ էլի կգանք Հայաստան, արդեն հոկտեմբերին, որպեսզի տարբեր եղանակները վայելենք»,- ասում է Ռենը։
Ռենը
© Sputnik / Aram Nersesyan
Ի դեպ, մատչելի հանգիստ նախընտրողները կարող են հիմա մտածել Ջերմուկ գալու մասին։ Քանի որ զբոսաշրջային ոչ ակտիվ սեզոնն է, հանգստի փաթեթներն ավելի մատչելի են։ Ամառային ակտիվ շրջանի համեմատությամբ հիմա Ջերմուկում կարելի է մոտ 30-35 տոկոսով ցածր արժեքով սենյակներ ամրագրել։