Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց

Փաստաբանի խոսքով` դատարանի որոշումն իրավաչափ չէ, հաշվի չեն առել նաև այն փաստը, որ Անի Գևորգյանը 2 անչափահաս երեխա ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը` Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա ձերբակալվել է այն նույն գործով, որի շրջանակում ձերբակալվել է 7 անձ, այդ թվում` էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլիա Սիրականյանը։
«Որոշումը դեռ պատրաստ չէ, ստանալուն պես անմիջապես կբողոքարկվի վերադաս դատարանում։ Գործի մանրամասներն այս պահին չեմ կարող ասել, բայց նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու մեջ»,- նշեց Ալեքսանյանը։
Նա ընդգծեց, որ դատարանի (դատավոր` Մերի Մոսինյան) որոշումն իրավաչափ չի համարում։
Ալեքսանյանը շեշտեց, որ դատարանում ներկայացվել են Գևորգյանին չկալանավորելու բոլոր հանգամանքները, մասնավորապես այն, որ նա 2 և 4 տարեկան երեխաներ ունի, սակայն դրանք անտեսվել են։
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ են կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։