Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Կանադայի որոշումը

Կանադայի խորհրդարանը
Հանձնախումբը կոչ է արել Կանադայի կառավարությանը` վերանայել և ամբողջությամբ չեղարկել Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Կանադայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Թուրքիային զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու Կանադայի կառավարության որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
«Այս որոշումը մտահոգություն է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հանձնառությունը մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանը և արդարադատությանը».,– նշված է հայտարարության մեջ:
Հանձնախումբը կոչ է արել Կանադայի կառավարությանը` վերանայել և ամբողջությամբ չեղարկել որոշումը և վճռական դիրքորոշում որդեգրել թուրքական կառավարության ագրեսիայի դեմ:
Նշվում է, որ զենքի էմբարգոյի վերացումը ոչ միայն հակասում է Կանադայի մի շարք սկզբունքներին, այլև անտեսում է շարունակվող ագրեսիան և մարդու իրավունքների խախտումները, որոնք իրականացվում և իրենց աջակցությունն են ստանում Թուրքիայի կողմից նաև հայ ժողովրդի դեմ:
Հիշեցնենք, որ 2023թ. հունվարի 23–ին Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարությամբ էր հանդես եկել` փորձելով կանխել Կանադայի կառավարության որոշումը` չեղարկել Թուրքիային զենք վաճառելու էմբարգոն։