«Երնեկ մեքենան դռներին խփեր և չգար Երևան». ինչո՞ւ Սևակը նախատեսվածից 2 օր շուտ ճամփա ընկավ

Դավիթ Գասպարյանը Sputnik Արմենիայում
Ինչպե՞ս Պարույր Սևակը դարձավ բանաստեղծ, ի՞նչ նախասիրություններ ուներ, ինչո՞ւ ողբերգական վթարի օրը մտամոլոր նստեց ղեկին։ Նրա կյանքի և ստեղծագործությունների մասին զրուցել ենք ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի հետ։
Sputnik

«Գյուղի գրադարանից գողացա Չարենց...» . ի՞նչը ստիպեց Սևակին գրել «Անլռելի զանգակատունը»

Որոշ փաստաթղթերում Պարույր Սևակի ծննդյան օրը նշված է հունվարի 26։ Պատճառը Լենինի մահն է եղել (1924 թ.–ի հունվարի 21), բոլորը դրանով են տարված եղել, և նորածնին գրանցել են ծնունդից մի քանի օր անց։ Սևակը տարբեր առիթներով անդրադարձել է այդ օրվան և իր աշխատություններից մեկում գրել է. «24 հունվար. իմ ծննդյան օրը»։
Պարույր Սևակի հորեղբայրը երեխաներ չուներ, ու երբ Պարույրը ծնվեց, նա որդեգրեց տղային։ Մինչև 5 տարեկան Պարույրն ապրում էր հորեղբոր տանը`մտածելով, թե նա է իր հայրը։ Կենսաբանական հորը նա անվանում էր ամի (հորեղբայր), մորը` ազի (հորեղբոր կին)։ Երբ հորեղբոր կինը ամուսնալուծվեց ու հեռացավ տնից, 5 տարեկան Պարույրին վերադարձրին իր իսկական ընտանիք։
Պարույր Սևակը ծնվել էր բանաստեղծ, բայց նաև աճեց, որպես բանաստեղծ։ Կարդալ ու գրել սկսեց 5 տարեկանում։ Շատ կարդաց, այնքան կարդաց, որ անգամ դարձավ իր համադասարանցիների «ուսուցիչը»։ Հենց նա էր կոնսպեկտավորում դասերը, որպեսզի գյուղի ուսուցիչը կարողանար դասն անցկացնել։
Իր ինքնակենսագրականում նա գրել է. «Գյուղի գրադարանից գողացա Չարենց...»։ Այդ տարիքում կարդալ, ուսումնասիրել ու յուրացնել Չարենց` հեշտ բան չէ։ Ու պատահական չէ, որ 16 տարեկանում նա արդեն ԵՊՀ ուսանող էր։
Մոսկվայում Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտն ավարտելուց հետո, Սևակը որոշ ժամանակ մնաց Ռուսաստանում։ Հենց Մոսկվայում ապրելու տարիներին էլ նա գրեց իր «Անլռելի զանգակատունն» ու Հայաստան վերադարձավ հաղթանակած` փառքի պսակը գլխին։ 60-ականներին այս ստեղծագործությունն արժանացավ պետական մրցանակի։
Իսկ ստեղծագործությունը գրելու շարժառիթի մասին Սևակն ինքն է գրել. «Մի ցուրտ ձմեռային օր էր Մոսկվայում, գնացի գարեջրատուն։ Ռադիոյով Կոմիտաս էր հնչում... Կոմիտասի մասին ես վաղուց պետք է գրեի, բայց ձևը չէի գտնում։ Այդ կոմիտասյան երգը մոսկովյան միջավայրում հասունացրեց «Անլռելի զանգակատան» գաղափարը»։

Երնեկ դռներին խփեր ու այդ օրը ճանապարհ չընկներ. ինչո՞ւ Սևակը նախատեսվածից 2 օր շուտ եկավ Երևան

Մի գույնով բանաստեղծ չի լինում, նա պետք է գույների համադրություն լինի։ Ամենաբարդ գույնը ներկապնակում սպիտակն է, որովհետև սպիտակի մեջ կան բոլոր գույները։ Եթե համեմատենք, ուրեմն Սևակը սպիտակն էր`անարատ սպիտակը, կյանքի սպիտակը, մաքրության սպիտակը, որի մեջ կյանքի բոլոր գույները կան։
Դրա վառ օրինակն է «Եղիցի լույսը»։ Այս ժողովածուին ես նայում եմ խորհրդային շրջանակի մեջ։ Այստեղ ոչ միայն Եվգենի Եվտուշենկոն է, Ռոբերտ Ռաժդենստվինսկին, Անդրեյ Վազնիսենսկին, այլ նաև Իոսիֆ Բրոդսկին, Վլադիմիր Վիսոցկին... Սևակն այս ամենի մեջ էր։
Նա քանի գնում, այնքան ավելի էր հասնում ինքն իրեն, ինքն իրեն մոտենում էր, իսկ «Նորից քեզ հետ»-ը էլ ավելի էր մոտեցնում ինքն իրեն։ Ինքը դարձավ ինքը, երկվություն այլևս չկար։
Ու չնայած այդ ժամանակ նա աշխատում էր գրականության ինստիտուտում, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր էր, Հայաստանի գրողների միության քարտուղար, բայց նրա այս հրաշալի գիրքն արգելեցին։ Սևակը շատ լարված վիճակում էր։

Գյուղից Երևան Սևակը պետք է գար ոչ թե հունիսի 17-ին, այլ 19-ին, այն էլ` մեկ ուրիշ վարորդի ուղեկցությամբ, պետք է գար Երևան ու մեկներ Թբիլիսի` կնոջ մոր մահվան 40 օրվան մասնակցելու համար։ Նա անփորձ վարորդ էր ու հորը նախօրեին ասել էր`եթե կարողանամ ավտոմեքենան բարեհաջող ավտոտնակից հանել ու չխփել դռներին` կգնամ... երնեկ դռներին խփեր ու չգնար։

Ես այն կարծիքին եմ, որ մտքով տարված էր իր գրքի ճակատագրով, երկու օր շուտ էր գնում Երևան, որ հասկանար` ինչո՞ւ են արգելում...
Սևակի կյանքում շատ բան մնաց կիսատ։ Նա ասում էր` կտրվելուց հետո է միայն երևում ծառի բուն հաստությունը, իր «բուն հաստությունը» միայն մահից հետո երևաց... շատ բան ուներ անելու։

Մի քանի փաստ...

· Սևակի առաջին բանաստեղծությունը նվիրված է Իվան Տուրգենևի «Առաջին սեր» վիպակի հերոսուհուն` Զինաիդային, ում սիրահարված էր Սևակը։ Իսկ հետո նրա կյանքում հայտնվեցին նոր սերեր, նոր մարդիկ, նոր հերոսներ ու հերոսուհիներ։ Մուսաներ բոլորին են պետք, առավել ևս բանաստեղծին։
· Ըստ Պարույր Սևակի` իր ամենամեծ թերությունը մարդկանց վստահելն էր։ Նրա շրջապատում կային մարդիկ, որ պարզապես խոսք տեղափոխող ականջ էին։ Դրա մասին են վկայում նրա ստեղծագործությունները։
Ի՞նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր,
Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։
Վստահեցին ոմանք ինձ - հոգիս դարձավ գաղտնարան,
Վստահեցի շատերին - գաղտնիքս առան ու տարան։
Ու զղջում եմ ես մի պահ. սեր ու բարիք եմ ցրել,
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել…
· Սևակի մայրը, տեսնելով տղայի սերը գրականության նկատմամբ, անընդհատ ասում էր. «էսքան որ կարդում ես, գոնե էն «Գիքորը» գրողի նման մարդ դառնաս»...