ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն ՀՀ–ն փոխանցի Ադրբեջանին, քանի որ տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։ Այս մասին նա ասաց 2023–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«Այդ նպատակով, իմ տեղեկությունների համաձայն, հայկական համապատասխան մարմինները աշխատանքներ են տանում վերականգնելու` հնարավոր նոր ականների նոր տեղեկություններ մասին։ Ես չեմ բացառում, որ երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում և վստահության ամրապնդման քայլերի դեպքում նոր տվյալներ փոխանցենք ադրբեջանական կողմին»,– հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։
Ըստ նրա` այդ գործողությունը պետք է անել միջազգային գործընկերների միջոցով, որպեսզի ոչ մի կասկած չառաջանա այդ տվյալների հավաստիության մեջ։
ՀՀ ԱԳ ղեկավարը հիշեցրեց, որ հայկական կողմը Ադրբեջանին երկու անգամ հանձնել է ականապատ դաշտերի տարածքների քարտեզները։
«Տարօրինակորեն ադրբեջանական կողմից շարունակաբար լսում էինք դժգոհություններ, որ այդ քարտեզներն այնքան էլ արդյունավետ ու ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը»,– ընդգծեց նա։
Նախարարը հիշեցրեց, որ այդ նույն տարածքների ականապատումը շատ հաճախ սկսվել է 1990–ականների սկզբին հենց Ադրբեջանի կողմից։