Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործարանում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

Ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել գործարանի արտադրամասերից մեկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շիրվան–Արազ» գործարանում հունվարի 23-ին պայթյուն է որոտացել, հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
Միջադեպը տեղի է ունեցել Բաքվից 100 կմ հեռավորության վրա գտնվող Շիրվանի շրջանում։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 3 վիրավոր կա։
Ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել գործարանի արտադրամասերից մեկում։
«Նախնական քննության ընթացքում պարզվել է, որ միջադեպի հետևանքով գործարանի 3 աշխատակից` Էլչին Բաբաևը (1992 թ.), Իսմայիլ Մուրադովը (2001 թ.) և Մուհամմեդ Իմանովը (1999 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել»,– ասված է հաղորդագրությունում։
Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել արտադրամասերից մեկում` մուրճով հարվածից 120 մմ–անոց ականանետի արկի պայթելու հետևանքով։
Դեպքի առնչությամբ նախաքննություն է ընթանում։
Հիշեցնենք, որ հունվարի 15–ին էլ Բաքվի Բինագադինի շրջանի Աբայ Կունանբաևի փողոցում գտնվող արտադրամասում պայթյուն էր որոտացել հրդեհի բռնկմամբ, որի հետևանքով երկու մարդ մահացել էր, 24-ը՝ վիրավորվել։