ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին այսօր կրկին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով։
Դատական նիստի սկզբում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրեց միջնորդություն, որպեսզի դատարանը նրան թույլ տա մեկնել Գերմանիա` վիրահատության։ Պաշտպանը վստահեցրեց, որ Խաչատրյանի վիրահատությունը Հայաստանում անհնար է։
«Վիրահատությունն անհապաղ է, այն կապված է ողնաշարի հետ, վիճակն այնքան ծանր է, որ նա նույնիսկ չի կարողանում քայլել։ Այս ամեննն այսքան ձգձգելու և նրան բուժում ստանալու հնարավորությունից զրկելու արդյունք է»,– իր ելույթում ասաց Երեմ Սարգսյանը։
Նա վստահեցրեց, որ դա դատական պրոցեսին չի խանգարի ու հիշեցրեց, որ 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում, Խաչատրյանը քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական բուժումն ու վերադարձել Հայաստան։
«Մեղադրայլն արդեն մի քանի անգամ դատական նիստի ընթացքում ստացել է ցավազրկող ներարկում։ Ես համոզված եմ, որ եթե սա չլիներ Գագիկ Խաչատրյանին վերաբերող գործ , դուք ձեր նախաձեռնությամբ նիստը կհետաձգեիք։ Այս գործով բոլորը կաշկանդված են։ Ինչքան ասում ենք, որ մարդը վատ է, այդքան անտարբեր լսում եք»,– հավելեց պաշտպանը։
Հերթական անգամ ընդմիջման գնալուց հետո պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը, քանի որ, ըստ նրա, մեղադրյալն այլևս ի վիճակի չէ մնալ դատարանի դահլիճում։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուվարի 31-ին։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։
Ըստ դատախազության՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։
Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:
Բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։